©️Ընտանիքները գրքով չեն կազմվում և գոյատևում, բայց գիտական գիտելիքը հնարավորություն է տալիս, որ մարդը մի բաժակ ջրում չխեղդվի:

Հ.գ.դ., պրոֆեսոր Ս. Սեդրակյան

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն ունենալով ընտանիքի գիտահետազոտական և հոգեկարգավորման ընտանեկան կենտրոններ, Հայաստանում առաջատար դիրք ունի ընտանիքի սոցիալ-հոգեբանական խնդիրների հետազոտությունների մեջ:

Կրթօջախի գիտնականներն ունեն տասնյակ դոկտորական և թեկնածուական աշխատանքներ, որոնք օգտագործվում են նաև արտերկրի կրթական ծրագրերում՝ որպես հատուկ մասնագիտական գրականություն:

Պահպանելով գիտական այս ավանդույթը՝ համալսարանը անցկացրեց «Ժամանակակից հայ ընտանիքի սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները» ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված ընտանիքի միջազգային օրվան: Բացման խոսքով հանդես եկավ ռեկտորի խորհրդական Ս. Համբարձումյանը նշելով, որ ընտանիքը քաղաքակիրթ հասարակության բջիջն է, առանց որի չի կարող գոյատևել մարդը, հետևաբար ընտանեկան արդի խնդիրներին հոգեբանական մոտեցումները կարող են դիտվել որպես ապագա իրավախախտումների կանխարգելող լավագույն միջոց:

Մասնակից ուսանողները ներկայացրին և տեսական, և գործնական հետազոտություններ, հիմնականում կարևորելով ընտանիքի բարեկեցությունը, հոգեկան ներդաշնակությունը որպես անձի և երկրի զարգացման ու առաջընթացի չափանիշ: Ուսումնասիրությունները ներառում էին ընտանիքի ձևավորումից մինչև երեխաների դաստիարակություն, կոնֆլիկտներ, ժամանակակից կախվածություններ և հոգեբանական ախտորոշիչ, վերականգնողական մեթոդներ:

Գիտաժողովն ամփոփեց Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Հ. Պետրոսյանը, կարևորեց  օրվա խորհուրդը և ուսանողների կատարած աշխատանքները,  մասնակից ուսանողներին հանձնեց գիտաժողովի մասնակցության հավաստագրեր: