Ուսումնական Ծրագրեր
Կլինիկական հոգեբանություն
Կլինիկական հոգեբանությունը մի բնագավառ է, որն ուսումնասիրում է հիվանդների ախտորոշման, բուժման, հիգիենայի, կանխարգելման փորձաքննության և վերականգնման հոգեբանական խնդիրները:
Կլինիկական հոգեբանության մասնագետը զբաղվում է հիվանդությունների ծագման, ընթացքի, մարդու հոգեկանի վրա այս կամ այն հիվանդության ազդեցության, հիվանդի և շրջապատի փոխհարաբերությունների, բուժական միջավայրի կազմակերպման հոգեբանական ասպեկտներով:
Կլինիկական հոգեբանը աշխատում են հիվանդանոցներում, պոլիկնինկաներում, հոգեբանական-վերականգնողական կենտրոններում, ամենուրեք, ուր զբաղվում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմամբ:
Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
Կառավարման հոգեբանությունը տնտեսության, գիտության, կրթության համակարգում կառավարման գործունեության հոգեբանական օրինաչափություններն ուսումնասիրող բնագավառ է, որի հիմնական խնդիրն աշխատանքի արդյունավետության և որակի նպատակով հոգեբնական պայմանների և առանձնահատկությունների բացահայտումն ու վերլուծությունն է: Կառավարման հոգեբանության մասնագետների հիմնական խնդիրը հասարակական տարբեր խմբերի, կազմակերպությունների կոլեկտիվ աշխատանքի արդյունավետ, հոգեբանորեն հիմնավորված կազմակերպումն ու կառավարման ողջ համակարգում կոնկրետ սոցիալական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների կատարումն է, կառավարման համակարգում կոլեկտիվ և անհատական աշխատանքի ակտիվության բարձրացումը:
Կառավարման հոգեբանության մասնագետները խորհրդատվական և փորձագիտական աշխատանք են կատարում պետական և մասնավոր տարբեր հիմնարկներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում:
Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
Նախադպրոցական և դպրոցական հոգեբանությունը հոգեբանության մի բնագավառ է, որի հիմնական խնդիրն է, նոր սերնդի ուսուցման և դաստիարակության համար այն պայմանների ապահովումը, որոնք նպաստում են յուրաքանչյուր երեխայի անձի զարգացմանը և ձևավորմանը: Դա կատարվում է երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով և նրանց հնարավորություններն ավելի ճիշտ ու լրիվ օգտագործելու միջոցով: Կարևոր է նաև կանխատեսել, թե ինչպիսի հոգեբանական հետևանքների կարող են հանգեցնել ուսուցչական և դաստիարակչական զանազան տեսակի ներգործությունները:
Նախադպրոցական և դպրոցական հոգեբաններն աշխատում են մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, քոլեջներում, բուհերում, ուսումնական կենտրոններում, կրթության հարցերով զբաղվող մեթոդական և գիտահետազոտական հիմնարկներում:
Դատահոգեբանական փորձաքննություն
Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական գործընթացում հատուկ հոգեբանական գիտելիքների օգտագործման և կիրառման հիմնական ձևն է: Այն կիրառվում է հոգեպես առողջ ամբաստանյալների, վկաների, տուժվածների նկատմամբ:
Դատահոգեբանական փորձաքննության մասնագետները զբաղվում են հոգեկան գործունեության առանձնահատկությունների հետազոտմամբ, որն անհրաժեշտ է քրեական գործընթացների ճշմարտությունը հաստատտելու համար: Նրանց աշխատանքի մասնավոր կողմն է հանդիսանում դատապարտվածի մոտ հանցագործությունը կատարելու պահին աֆեկտի առկայության ախտորոշումը, նաև վկաների և տուժվածների կողմից դատական գործին վերաբերվող կարևոր հանգամանքների ընկալման, ճշգրիտ տեղեկություններ և ցուցմունքներ տալու ընդունակության ուսումնասիրությանը:
Դատահոգեբանական փորձաքննությունն իրագործվում է միայն մասնագետ հոգեբանների կողմից:
Դատահոգեբանական փորձաքննության մասնագետները կարող են աշխատել Ազգային անվտանգության, Ներքին գործերի, Պաշտպանության նախարարության, ինչպես նաև դատահոգեբանական, դատահոգեբուժական, քրեագիտական, փորձագիտական հատուկ լաբորատորիաներում:
Իրավաբանական հոգեբանություն
Իրավաբանական հոգեբանությունն ուսումնասիրում է այն բազմաթիվ ու բարդ հարցերը, որոնք կապված են հանցագործությունների նախապատրաստման, իրագործման, հետաքննությունների, հարցաքննությունների և այս բնագավառում ծագող այլ խնդիրների հետ:
Իրավաբանական հոգեբանության ճյուղերից մեկը դատական հոգեբանությունն է: Այն զբաղվում է դատական պրոցեսի հետ առնչվող հարցերով, որոնք են` քննիչների, դատավորնրի, պետական մեղադրողների և դատապարտյալների մասնագիտական գործունեության հոգեբանական բովանդակությունը, նրանց ընտրության և ուսուցման մեթոդները, հանցագործ անձի ձևավորման ու վարքի հոգեբանական խնդիրները, հանցագործության դրդապատճառները:
Իրավաբանական հոգեբաններն աշխատում են իրավապահ մարմիններում, տարբեր ատյանների դատարաններում:
Մանկավարժություն և հոգեբանություն
Կոլեկտիվի, սոցիալական խմբի կառուցվածքում նրա անդամների սոցիալական դերի, համոզմունքների արժեքային համակարգի, սոցիալ-բարոյական կողմնորոշումների, անհատական որակների մասին անձնային և հասարակական կարծիքներն այն հոգեբանական հիմքերն են, որոնք պայմանավորում են միջանձնային և միջխմբային փոխհարաբերությունների բարդ համակարգի գոյությունը: Ուսուցման և կրթության հիմնախնդիրները տարիներ ի վեր եղել են և մնում են մանկավարժների և հոգեբանների ուշադրության կենտրոնում:
Գիտատեխնիկական առաջընթացը, հասարակության տնտեսական, հոգևոր զարգացումը կրթության առջև նոր պահանջներ են ներկայացնում, մասնավորապես հանրակրթական ուսուցման և դաստիարակության բարեփոխումների տեսանկյունից:
Այսօրվա կրթական համակարգում կարևորվում է հոգեբանների դերը, որոնց անմիջական օգնությունն էլ դպրոցների մանկավարժները կարող են իրականացնել կրթական ծրագրեր, ճիշտ հիմքերի վրա դնել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
Սոցիալական աշատանք
Սոցիալական աշխատանքը սոցիալական հոգեբանության այն բնագավառն է, որը բուռն կերպով զարգացում է ապրում ողջ աշխարհում: Աշխատելով սոցիալական ծառայություն իրականացնող մարմիններում սոցիալական աշխատողները, որոնք տիրապետելով հոգեբանական ամենատարբեր մեթոդների (հոգեշտկման, հոգեկարգավորման, հոգեթերապևտիկ և այլն) օգնում են մարդկանց իրենց հնարավորություններին իրազեկ լինելու և դրանց շրջանակն ընդլայնելու, զարգացնելու, տիրապետելու, դժվարություններին դիմակայելու և դրանք հաղթահարելու գործընթացում: Սոցիալական աշխատողները երկրի սոցիալական քաղաքականության կոնկրետ իրականացնողներն են, որոնց գործունեության ոլորտը շատ մեծ է, նրանք կարող են աշխատել կրթական հաստատություններում, արտադրությունում, առողջապահության և սոցիալական ծառայությունների համակարգում: