«Ուրարտու» համալսարանի սովորողի իրավունքները և պարտականությունները

Համալսարանի սովորողների(ուսանող, ասպիրանտ) իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, որոնք կոնկրետացնում են ՀՀ քաղաքացու՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանելիս հիմք են ծառայել նաև «Ուրարտու» համալսարանի կանոնադրության, ռազմավարական ծրագրի պահանջները, որոնց կարևորագույն նպատակը համապատասխան գիտելիքներով, հմտություններով, կարողություններով օժտված մասնագետի, մարդու և քաղաքացու ձևավորումն է:

1. Համալսարանի սովորողն (ուսանող, ասպիրանտ) իրավունք ունի.

  1. մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,
  2. իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների ընտրելու մասնագիտությունը, ուսուցման ձևը,
  3. ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին, միջազգային աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, հաճախելու բուհում կարդացվող դասախոսություններին,
  4. մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը,
  5. բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է hամալսարանում` ըստ սահմանված կարգի,
  6. ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու և շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը,
  7. հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան,
  8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, hամալսարանի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու hամալսարանի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,
  9. օգտվելու hամալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին՝ բուհի կանոնադրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխան,
  10. քննաշրջանի ժամանակացույցում քննությունների և ստուգարքների հերթականության որոշման ժամանակ, սահմանված կարգով, ներկայացնելու առաջարկություն,
  11. ըստ նախասիրությունների` մասնակցելու hամալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին,
  12. ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ, միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է բուհի կնոնադրությամբ,
  13. Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ (ներառյալ` անվանական), դրամաշնորհ, ուսանողական վարկ, օգտվելու ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից,
  14. ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերին, բուհի հետ կնքելու ուսումնառության պայմանների մասին պայմանագիր,
  15. անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով,
  16. Տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գտնվելու արձակուրդում՝ առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ,
  17. հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում՝ բուհի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ,
  18. փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
  19. ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք,
  20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերի,
  21. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համալսարանի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից:

2. Համալսարանում կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողականիրավունքները՝ բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:

3. Համալսարանի սովորողը (ուսանող, ասպիրանտ) պարտավոր է.

  1. կատարել ՀՀ օրենսդրության, համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները,
  2. կատարել կրթական ծրագրի պահանջները՝ հաճախել պարտադիր ուսումնական պարապմունքներին,
  3. կատարել ուսումնական պլանով նախատեսված բոլոր առաջադրանքները,
  4. ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում հանձնել բոլոր ստուգարքներն ու քննությունները,
  5. տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին, կարողություններին , հմտություններին,
  6. ժամանակին վճարել ուսման վարձը,
  7. հոգատարությամբ վերաբերվել համալսարանի գույքին: Համալսարանի գույքին պատճառված վնասի համար սովորողը կրում է նյութական պատասխանատվություն՝ գործող օենսդրությանը համապատասխան,
  8. բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը,
  9. պահպանել հասարակության բարոյական նորմերը,
  10. լինել կարգապահ, համալսարանի ուսումնական, ուսումնաարտադրական և այլ կառույցներում պահպանել մաքրություն,
  11. հարգելի պատճառով ուսումնական պարապմունքներին չներկայանալու դեպքում այդ մասին տեղյակ պահել ֆակուլտետի դեկանին, իսկ համալսարան ներկայանալու առաջին իսկ օրը՝ տվյալներ ներկայացնել պարապմունքներին չմասնակցելու պատճառների մասին,
  12. հիվանդության դեպքում ֆակուլտետի դեկանին ներկայացնել համապատասխան փաստաթուղթ,
  13. դասասկզբից 10 րոպեից ավելի ժամանակ հետո դասախոսի չներկայանալու դեպքում սովորողները կուրսի ավագի միջոցով պարտավոր են այդ մասին տեղյակ պահել ֆակուլտետի դեկանատին:

4. Այն սովորողները, ովքեր չեն կատարում համալսարանի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից
հեռացում: Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի ընթացքում։