Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի երաշխավորությամբ և հրատարակությամբ «Մետաֆորիկ ասոցիատիվ քարտեր. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի դասախոս, Ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պատասխանատու Ս․ Համբարձումյանը, ով ներկայացրեց գրքի ստեղծման ընթացքը և դրա նշանակությունը հոգեբանական պրակտիկայում։
Համալսարանի ռեկտոր հ․գ․դ․, պրոֆեսոր, գրքի գիտական խմբագիր Ս․ Սեդրակյանը կարևորեց ձեռնարկի գիտական և գործնական արժեքը՝ ընդգծելով դրա ներդրումը մասնագիտական կրթության զարգացման գործում։
Շնորհանդեսին իր մտքերով և մասնագիտական դիտարկումներով հանդես եկավ նաև գործնական հոգեբան հ․գ․թ․ Ն․ Մնացականյանը, խոսեց մետաֆորիկ ասոցիատիվ քարտերի կիրառման փորձի, դրանց հոգեթերապևտիկ ազդեցության և գործնական նշանակության մասին։ Նա նշեց, որ ձեռնարկը կարող է դառնալ արժեքավոր ուղեցույց ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար։
Հեղինակը՝ մ․գ․թ․ Մ․ Գևորգյանը ներկայացրեց ձեռնարկի ստեղծման գաղափարը, դրա կառուցվածքը և կիրառական հնարավորությունները՝ ընդգծելով մետաֆորիկ ասոցիատիվ քարտերի դերը մասնագիտական ինքնազարգացման և խորհրդատվական պրակտիկայի մեջ։ Շնորհանդեսի ավարտին նա անցկացրեց պրակտիկ քննարկում և ցուցադրական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու քարտերի կիրառման տարբեր ձևերին և դրանց արդյունավետությանը հոգեբանական գործընթացներում։




