Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ ուսանողական ուշագրավ միջոցառում՝ «ԴԵՊԻ ՆԵՐՍ» խորագրով, որը կազմակերպել էին բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Ռուզաննա Մկրտչյանի նախաձեռնությամբ:
Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների թիմային մտածողությունը, ներխմբային պատկանելիության զգացումը, ինչպես նաև բացահայտել յուրաքանչյուրի «ես»-ի առանձնահատկությունները։ Այն միտված էր ուսումնական նյութի յուրացմանը, դերի պատասխանատվության գիտակցմանը և այս ամենի համադրությանը՝ կրեատիվ տարբերակով մոտիվացնելու և աշխատանքը ներքնայնացնելու ուսանողներին։
Միջոցառումը նվիրված էր 20-րդ դարի հոգեվերլուծության մեծագույն ներկայացուցիչներին, որոնց տեսությունները մինչ օրս շարունակում են ազդել հոգեբանության և ժամանակակից գիտակցության ընկալման վրա։
Ուսանողները հանդես եկան յուրահատուկ ձևաչափով՝ մարմնավորելով մեծ հոգեվերլուծողներին, ներկայացնելով նրանց կենսագրությունը, գաղափարները և ազդեցությունը։
Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ «հանդիպելու» Զիգմունդ Ֆրեյդին, Կարլ Յունգին, Ադլերին, Ֆրանսուազ Դոլտոին,Մելանի Քլայնին, Աննա Ֆրեյդին, Էրիխ Ֆրոմին, Ջոն Բոուլբիին և այլոց։
Ուսանողները ոչ միայն ներկայացրել էին նրանց տեսական հայացքները, այլև կերպավորված էին համապատասխան կերպարներով՝ ստեղծելով կենդանի ու հիշարժան ներկայացում։
Մթնոլորտը լի էր հետաքրքրությամբ, ներշնչումով և ճանաչողական տրամադրությամբ։
Միջոցառումը խթանեց ուսանողների տեսական գիտելիքների կիրառումն ու ստեղծագործական մտածողությունը՝ միաժամանակ արժանին մատուցելով հոգեվերլուծության գյուտարարներին: