Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տիրում էր բացառիկ տոնական, հուզիչ և անմոռանալի մթնոլորտ․ տեղի ունեցավ մեր բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Իր հանդիսավոր ուղերձում համալսարանի ռեկտոր հ․գ․դ․, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանն ընդգծեց բուհի գիտակրթական առաքելության կարևորությունը՝ նշելով, որ այսօրվա շրջանավարտները ձևավորում են երկրի մտավոր և սոցիալական կապիտալը: Նա շեշտեց, որ ակադեմիական տարիներին ձևավորված գիտական աշխարհայացքն ու հետազոտական գործիքակազմը հնարավորություն կտան նրանց ոչ միայն արդյունավետորեն արձագանքել արդի սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին, այլև հանդես գալ որպես ոլորտի գիտագործնական զարգացումն ու նորարարական հարացույցները (պարադիգմները) կանխորոշող առաջամարտիկներ։
Շրջանավարտներին ուղղված իր խոսքում ուսումնագիտական պրոռեկտոր Ջ․Բաղդասարյանն ընդգծեց, որ ստացած դիպլոմները նրանց ակադեմիական հաստատակամության և հետազոտական ներուժի իրացման արդյունքն են։
Որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը փաստեց, որ համալսարանն այսօր կրթական և աշխատանքային շուկա է ճանապարհում միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ և պատրաստված մասնագետների, որոնց հետագա հաջողություններն ու պրոֆեսիոնալիզմը լինելու են բուհի կողմից մատուցվող կրթության բարձր որակի լավագույն և ամենախոսուն ապացույցը։
Շրջանավարտներն իրենց սրտանց շնորհակալությունը հայտնեցին համալսարանի աշխատակազմին, դասախոսներին, ովքեր այս տարիների ընթացքում ոչ միայն փոխանցել են արժեքավոր գիտելիքներ, այլև եղել են ավագ ընկեր ու հուսալի ուղեցույց։
Մեր շրջանավարտներն այսօրվանից պաշտոնապես համալրում են որակյալ և պատրաստված մասնագետների շարքերը։ Վստահ ենք, որ համալսարանում ստացած գործնական հմտություններն ու արժեքները կդառնան այն ամուր հիմքը, որի վրա նրանք կկառուցեն իրենց հաջողակ կարիերան՝ նպաստելով մեր հասարակության մեջ դրական ու առողջ փոփոխությունների իրականացմանը։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր մասնագիտական ճանապարհը լինի ձեռքբերումներով լի և ստեղծագործ։ Երբեք չդադարեք սովորել, կատարելագործվել և ձգտել նոր բարձունքների։ Հիշե՛ք, որ համալսարանի դռները միշտ բաց են ձեզ համար, և մենք միշտ հպարտությամբ կհետևենք ձեր բոլոր հաջողություններին։


