2026 թ․ նոյեմբերի 3-ին և 4-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի պրոռեկտոր, «Սոցիալական աշխատանք» ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Ջեմմա Բաղդասարյանը և ամբիոնի դասախոսներ՝ ֆ.գ.թ. Արմինե Անդրանիկյանը, Աստղիկ Մինասյանը և Անի Սահակյանը մասնակցել են «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով համաժողովին։
Պանելային քննարկման ընթացքում Ջեմմա Բաղդասարյանը ներկայացրել է սոցիալական աշխատողների լրացուցիչ կրթության հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կոմպետենցիաներին համապատասխան անհատական մոտեցումը, համալսարանի նոր կրթական ծրագրերն ու սոցիալական ծառայությունների կարիքի գնահատման ժամանակակից մեթոդները։
Նա առաջարկել է քննարկել գործատուների հետ համագործակցության համակարգային մեխանիզմի ստեղծման հարցը՝ սոցիալական ոլորտում մասնագետների պահանջարկը բացահայտելու և կրթական ծրագրերն աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելու նպատակով։ Ներկայացվել է նաև գործատուների հետ համագործակցության համալսարանի փորձը։
Արմինե Անդրանիկյանը մանրամասն անդրադարձել է սուպերվիզիայի մասնագիտական ուղղություններին, ոլորտում առկա իրավիճակին, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նա ներկայացրել է սուպերվիզիայի մասնագետների պատրաստման և գործնականում սուպերվիզիայի իրականացման հիմնահարցերը՝ անդրադառնալով քննարկման ընթացքում բարձրացված հարցերին։
Աստղիկ Մինասյանն ակտիվորեն մասնակցել է քննարկմանը՝ բարձրաձայնելով կարևոր հարցեր և աջակցելով ոլորտի զարգացմանն ու մասնագիտական համագործակցության ամրապնդմանն ուղղված առաջարկներին։
Համալսարանը կարևորում է նման մասնագիտական հարթակներում ակտիվ մասնակցությունը, կրթության և գործնական աշխատանքի միջև կապի ամրապնդումն ու սոցիալական աշխատանքի ոլորտի շարունակական զարգացումը, ինչը կնպաստի ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով ամրագրված դրույթների գործնական կիրառմանը և սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական որակի ապահովմանը։







