Երևանի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 120 դաստիարակների և մեթոդիստների հանձնվեցին հավաստագրեր հոգեբանամանկավարժական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
_________________________________
Երևանի Կենտրոն վարչական շրջանի թվով 21 մանկապարտեզների շուրջ 120 դաստիարակներ և մեթոդիստներ շուրջ երկու ամիս մասնակցեցին գործնական մասնագիտական վերապատրաստման 24-ժամյա դասընթացին, որն ուղղված էր կրթության արդյունավետ կազմակերպմանը, մասնագիտական գիտելիքները համալրելուն, մանկապարտեզներում ուսուցման պրոցեսը հետաքրքիր և օգտավետ դարձնելուն:
Կարևորելով փոքրիկների արդյունավետ զարգացման համար մանկավարժական-դաստիարակչական գործունեության անընդհատ կատարելագործումը՝ «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում մասնավորապես նշել է «Դրվատանքի է արժանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի և Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի նախաձեռնողական և հետևողական աշխատանքը:
Շնորհակալություն ձեզ վերապատրաստման այդ պատասխանատու առաքելությունը մեր համալսարանին վստահելու համար… Լիահույս եմ, որ մեր և Կենտրոն վարչական շրջանի գործունեությունը այսուհետ ևս կշարունակվի տարաբնույթ ծրագրերի շրջանակներում, որոնցում պատրաստ ենք սիրով տրամադրել մեր համալսարանի գիտագործնական ներուժը:
Դիմելով վերապատրաստման մասնակիցներին՝ Ս. Սեդրակյանը նշել է. «Լիահույս ենք, որ ձեռք բերած հոգեբնական գիտելիքներն ու հմտությունները անվերապահորեն կծառայեն ձեր մասնագիտական աճին՝ հաղորդակցման, հուզական այլ հմտությունների զարգացմանը և, ընդհանրապես, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանն ու խորացմանը՝ ի փառս ձեր մարդակերտական առաքելության, ի փառս մեր երեխաների»:
Հավաստագրերը մասնակիցներին հանձնեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դասընթացվար Սեդա Վարդանյանը և կլինիկական հոգեբան, դասընթացվար Մարինե Թոզալաքյանը: