Մեր մասին
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և նոր հասարակական հարաբերությունների ձևավորման աննախադեպ մարտահրավերները ակնհայտ դարձրին գործնական կիրառական հոգեբանության և սոցիալական աշխատանքի դերը։ Այդ իրողությունից ելնելով՝ համալսարանի ռեկտոր, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանը, կարևորելով համապատասխան մասնագետներով ոլորտի համալրման անհրաժեշտությունը, 1991 թվականին հիմնադրեց գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը։ Համալսարանն այսօր ՀՀ առաջատար բուհերից մեկն է՝ հոգեբանության և սոցիալական աշխատանքի բնագավառի մասնագիտացված միակ հաստատությունը։
Համալսարանի առաքելությունը
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի առաքելությունն է պատրաստել հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին և արդի գիտական նվաճումներին համահունչ որակյալ մասնագետներ՝ նպաստելով մարդու հոգեկան առողջության պահպանմանն ու շարունակական զարգացմանը։
Հիմնարար արժեքները
Համալսարանն իր առաքելությունն իրականացնում է հետևյալ արժեքների հիման վրա․
- Ուսանողակենտրոն կրթություն – կարևորվում են ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և հայցորդների ձեռքբերումները կրթության և հետազոտության ոլորտներում՝ խրախուսելով ինքնուրույն մտածողությունը և հետազոտական-ստեղծագործական կարողությունների զարգացումը։
- Ժողովրդավարություն – զարգացմանն առնչվող որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով ուսումնառողների և պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը։
- Բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմ – համալսարանի հաջողության կարևոր գրավականը որակյալ և մշտապես համալրվող դասախոսական կազմն է։
- Ակադեմիական ազնվություն – անզիջում պայքար գրագողության, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ։
- Մրցունակություն – շրջանավարտների մրցունակության բարձրացում աշխատաշուկայում։
- Սոցիալական պատասխանատվություն – միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։
- Մատչելի կրթություն – կրթության հասանելիություն հասարակության բոլոր շերտերի համար՝ ֆինանսական աջակցության տարբեր ձևերով։
- Մասնագիտական վարպետություն – ուսումնառության առաջին տարվանից գործնական կարողությունների և հմտությունների զարգացում։
- Մարդու արժանապատվության հարգանք – մարդու իրավունքների պաշտպանություն և էթիկական նորմերի պահպանում։
- Ակադեմիական ազատություն – նախաձեռնողականության, նորարարության և ազատ մտքի խրախուսում։
- Նվիրվածություն – համալսարանի շահակիցների կորպորատիվ պատասխանատվություն և հավատարմություն հաստատության առաջընթացին։
Համալսարանի տեսլականը
«Ուրարտու» համալսարանը ձգտում է դառնալ միջազգայնորեն ճանաչելի առաջավոր կրթական հաստատություն՝ իրականացնելով բազմալեզու որակյալ կրթական ծրագրեր և ծավալելով հետազոտական գործունեություն, մասնավորապես գործնական հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտներում՝ նպաստելով հասարակական հիմնախնդիրների հաղթահարմանը։
Հիմնական սկզբունքները
«Ուրարտու» համալսարանի համար սկզբունքային է հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Համալսարանի գործունեությունը բաց և հրապարակային է։
Կրթության որակը շարունակաբար բարելավվում է՝ փոփոխվող իրականության պահանջներին համահունչ։
Համալսարանը նպատակ ունի՝
- Լինել հասարակության և աշխատաշուկայի պահանջներին համարժեք արձագանքող, բարձրորակ կադրեր պատրաստող հաստատություն։
- Լինել ժամանակի պահանջներին և գիտության ու տեխնիկայի նվաճումներին համահունչ ուսումնագիտական հենք ունեցող բուհ։
- Լինել հումանիստական և ժողովրդավարական արժեքներ արմատավորող միջավայր՝ առանց որևէ խտրականության։
- Լինել որոշումների ընդունման գործընթացում ներքին և արտաքին շահակիցների մասնակցությունն ապահովող հաստատություն։
- Համագործակցել աշխարհի առաջավոր համալսարանների և գիտական կենտրոնների հետ։
- Պատրաստել աշխատաշուկայում մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետներ՝ բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի ծրագրերով։
- Ձևավորել բազմակողմանի զարգացած քաղաքացի՝ խթանելով հայրենասիրական դաստիարակությունը և ազգային ու համամարդկային արժեքների յուրացումը։
- Նպաստել բնակչության հոգեկան առողջության և սոցիալական ապահովության բարձրացմանը։
- Աջակցել հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային առաջընթացին, ամրապնդել միջազգային կապերը։
- Խթանել հետազոտական և ստեղծագործական միտքը՝ դառնալով ՀՀ-ում և տարածաշրջանում առաջավոր բուհերից մեկը։
- Ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ում և արտերկրում գործող առաջադեմ կրթական ու գիտական հաստատությունների հետ։
- Ստեղծել կրթական հնարավորություններ հասարակության խոցելի և կարիքավոր խմբերի համար։

