Մասնագիտական պահանջարկ
Հոգեբանի մասնագիտությունը ժամանակին համընթաց ավելի պահանջված է դառնում։ Յուրաքանչյուր տասնամյակ հոգեբանների աշխատատեղերի թիվը զարգացած երկրներում աճում է 20, իսկ Հայաստանի նման զարգացող երկրներում այն անցնում է 100 տոկոսը։ Այդ աճն ամենից շատ զգացվում է կառավարման, կրթական և կլինիկական հոգեբանության ոլորտներում, այսօր նաև իրավաբանական հոգեբանների աշխատատեղերի առումով։
Հոգեբանների համեմատ սոցիալական աշխատողի աշխատատեղերի աճը կրկնապատիկ է։
Եթե անցյալում սոցաշխատողներ նկատվում էին հատկապես կրթության ոլորտում, վերջին տասնամյակում նրանց աշխատատեղերը եռապատկվել են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ընտանեկան բռնությունների, մեծահասակների հոգածության, հիվանդանոցային, դատապարտյալների, հանցագործության զոհերի, աղետների զոհերի, տարբեր հոգեկան խնդիրներով տառապողների, աղքատության մեջ գտնվողների, գործազուրկների, անօթևանների, հաշմանդամների, կրթական միջոցներից զուրկ մարդկանց և այլն։
«Հոգու մասին» հոգեբանության առաջին դասագրքի հեղինակ Արիստոտելը հոգեբանությունը համարում է գիտելիքների յուրահատուկ բնագավառ՝ ներկայացնելով հոգու և մարմնի անբաժանելիության գաղափարը։ Հոգեբանությունը բավականին զարգացած և հին արմատներ ունեցող գիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը և մշտապես գտնվում է դինամիկ զարգացման փուլում։
Ժամանակակից աշխարհն ունի հոգեբանի պահանջարկ։ 21 — րդ դարում յուրաքանչյուրս կամա թե ակամա ենթարկվում ենք գիտատեխնիկական զարգացման մրցավազքի ազդեցությանը։ Անկառավարելի տեղեկատվական հոսքի առկայության պայմաններում մարդը հայտնվում է սթրեսային վիճակում։
Հոգեբանի հիմնական խնդիրն է օգնել մարդուն ներդաշնակ լինել իր և իրեն շրջապատող աշխարհի հետ, վարվելակերպի այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան կյանքում ավելի ստեղծագործ լինել, օգնել նույնացնել հոգեբանական ռեսուրսները։
Հոգեբանները փորձում են հասկանալ առանձին հոգեկան գործընթացների դերը և սոցիալական վարքը, նաև ուսումնասիրում են ֆիզիոլոգիական և նյարդագիտական գործընթացները, որոնք կազմում են ճանաչողական գործընթացների և վարքի հիմքը։
Հոգեբանն օգնում է այն անձանց, ովքեր գտնվում են դժվար հոգեբանական կացության մեջ, իրենց կյանքի տվյալ պահին բախվում են խնդիրների, ունեն սեփական վարքի կամ էլ միջանձնային փոխհարաբերությունների շտկման կարիք, ինչպես նաև ունեն մի շարք այլ հոգեբանական և հոգեմարմնային խնդիրներ։
Ժամանակակից հոգեբանությունը գիտությունների մի համակարգ է, որի խնդիրն է ուսումնասիրել մարդու հոգեկանի տարբեր կողմերն ու դրսևորումները: Այդ իսկ պատճառով հոգեբանության բնագավառները բազմազան են:
Սոցիալական հոգեբանությունը ժամանակակից կարևորագույն և կիրառությունների լայն շրջանակ ունեցող գիտություններից մեկն է: Սոցիալ-հոգեբանական փաստերի և օրինաչափությունների իմացությունն անհրաժեշտ է ոչ միայն հոգեբաններին, այլև սոցիոլոգներին, մանկավարժներին, հոգեբույժներին, իրավաբաններին, կառավարման ոլորտի աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեության մեջ առնչվում են մարդկային հարաբերությունների, դրանց դրդապատճառների և կարգավորման խնդիրներին:
Հոգեբանության օգտակար միջգիտական ոլորտներից է իրավաբանական հոգեբանությունը, որը ուղղված է իրավապահ մարմինների գործունեությանը, ինչպես նաև տարատեսակ հոգեբանական գործիքներով նպաստում արդարադատության իրականացմանը:
Քաղաքական հոգեբանության մեջ շեշտադրվում են քաղաքական վարքագծային չափորոշիչները, ուսումնասիրվում քաղաքական կյանքի մասնակից հիմնական դերակատարում ունեցողների վարքը, դրա վրա ազդող հոգեբանական գործոնները։
Հանրահայտ է ընտանիքի տեղն ու դերը հասարակության զարգացման, նրա արժեքների ստեղծման ու վերարտադրության գործում։ Ընտանիքի հոգեբանությունն ուսումնասիրում է ընտանեկան հարաբերությունները, նրանց առաջացման յուրահատկությունները, ձևավորումը, կայունացումն ու քայքայումը՝ նկարագրելով ընտանեկան և ամուսնական հատկանիշների, ընտանիքի անդամների սոցիալ-հոգեբանական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները միմյանց հետ։
Կառավարման հոգեբանությունն ուսումնասիրում է կառավարման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները։ Այն ուղղված է աշխատողի անհատական որակները հասկանալու, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային խմբի ձևավորման օրինաչափությունների բացահայտմանը։
Ներկայացնելով վերոհիշյալ բնագավառները՝ նշենք, որ սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության տարբեր կառույցներում մասնագիտական որակավորում և պատրաստվածություն չունեցող հոգեբանների, սոցիալական աշխատողների և սոցիոլոգների կողմից մատուցվող ծառայությունները ոչ միայն չեն ծառայում իրենց նպատակին, այլև, երբեմն վնասում են շահառուներին։
Ինչպես հասարակության, որպես ամբողջի, այնպես էլ՝ պետական շատ կառույցներում բացակայում է հստակ պատկերացումը հոգեբանի, սոցիոլոգի և սոցիալական աշխատողի մասնագիտությունների պարտականությունների ու կարևորության մասին, ընդհանրապես, և փոխակերպվող հայ հասարակության պարագայում՝ մասնավորապես։
Համալսարանի ստեղծման հիմնական նպատակներից է եղել պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր իրենց տեսական գիտելիքները կկարողանան լիարժեք օգտագործել գործնականում։ Այսպիսով, գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը ՀՀ միակ ոչ պետական ԲՈւՀ-ն է գործնական ուղղվածությամբ և հանրային առաքելությամբ։ ԲՈւՀ-ի դասախոսական կազմի նպատակն է պատրաստել որակյալ և հասարակական
պատասխանատվությամբ օժտված այնպիսի մասնագետներ և քաղաքացիներ, ովքեր ի զորու կլինեն բարձրացնել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտի հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում։